Ազատ Դեմոկրատները հյուրընկալել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին:

«Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության  ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Դեսպան Թրեյսին իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել.

«Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ Ազատ Դեմոկրատների հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»։  

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում, ինչն էլ հնարավորություն կտա տնտեսության և ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և զարգացման: Խաչատուր Քոքոբելյանը նաև բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև իր երախտագիտությունն է փոխանցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում: