Պետությունը «ՀուԶանքին ու Զանգին» չպետք է այդքան գումար տրամադրեր․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«Արայիկ Հարությունյանը չպետք է հրաժարական տա»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ երիտասարդական միության կողմից բարձրացված կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ինքս այն պատգամավորն եմ, ում մանդատն ամենաշատն են հետ պահանջում։ Եթե ինչ-որ բան ենք ասում, որ որևէ մեկի ականջին հաճո չէ, միանգամից պահանջում են մանդատը վայր դնել կամ հրաժարական ներկայացնել։ Բայց հրաժարականը հարցի լուծում չէ, պետք է խորամուխ լինել, հասկանալ խնդիրն ըստ էության ու փորձել լուծումներ գտնել հարցերի համար։ Ինչ վերաբերում է ՀՅԴ երիտասարդական միության կողմից բարձրացված պահանջին՝ նախարարի հրաժարականին, ապա ուզում եմ հիշեցնել՝ եթե ՀՅԴ-ականների ժամանակ բավական բարդ ու գրեթե անհնար էր հասնել իրենց իշխանավորներին, ապա այսօր ոչ միայն հնարավոր է հասնել նախարարին, այլ հնարավոր է քննարկել խնդիրներն ու համաձայնեցված որոշակի եզրահանգման գալ»,- նշեց պատագամվորը։