Մի խաղահրապարակ ունեինք, դրանի՞ց էլ զրկվենք․ Աբովյանի որոշ քաղաքացիներ ակցիա կկազմակերպեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Աբովյան քաղաքի շենքերից մեկի տարածքում ավտոտնակի կառուցման աշխատանքներ են իրականացվում, այն դեպքում, երբ տարածքը պատկանում է համայնքին: Ամիսներ առաջ տվյալ տարածքում ծառահատում է կատարվել, և այսօր էլ սկսվել է ավտոտնակի շինարարությունը։ Այդ մասին 24News-ին հայտնեց Աբովյան քաղաքի բնակիչ Գոհար Օհանյանը։ 

«Ավտոտնակը կառուցելուց հետո շենքի առաջին հարկի բնակարանները կզրկվեն արևի լույսից։ Մի հատ խաղահրապարակ ունեինք, դրանի՞ց էլ զրկվենք, չենք ուզում էդ մի կտոր հողն էլ կորցնել։ Դիմել ենք Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին, որը մեզ պատասխանեց, որ համայնքային տարածքն օտարվել է նախկին քաղաքապետի որոշմամբ, և ինքը մեղավորություն չունի այստեղ», - նշեց Գոհար Օհանյանը։

Բնակչի խոսքով՝ ներկայումս ստորագրահավաք է իրականացվում բնակիչների կողմից, և արդեն շենքի 40 բնակիչ իր ստորագրությունն է տվել՝ ավտոտնակի շինարարությունը դադարեցնելու համար։ 

«Մարզպետը գարնանը արգելել էր, որ ավտոտնակ կառուցեն, բայց քաղաքապետը թույլ է տվել։ Քաղաքապետի հետ հանդիպել ենք, խոստացավ, որ կգա, կտեսնի տարածքը, բայց չեկավ։ Ոստիկանների խոսքով՝ կառուցապատողը վկայական ունի, որ գնել է տարածքը, բայց գիտենք, որ սեփականաշնորհված չէ։ Կառուցապատողին խնդրում ենք, որ չկառուցի, վերջինս էլ ասում է՝ չի հետաքրքրում, իր տարածքն է՝ կառուցում է», - նշում է Աբովյանի բնակիչը։ 

Աբովյանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Անի Կարապետյանի խոսքով՝ շինարարությունն իրականացվում է բացառապես օրենքի շրջանակում, ավտոտնակը կառուցվում է ավտոտնակների համար  նախատեսված տարածքում։ 

«Եթե անօրինական խնդիր լիներ, հավատացեք իրավապահ մարմինները կլուծեին այն։ Յուրաքնչյուր մարդ իր սեփականաշնորհած տարածքում կարող է և՛ ծառ հատել, և՛ տնկել, այստեղ առհասարակ օրենքի հստակ կարգավորում չկա», - նշեց մամուլի խոսնակը, այնուհետև հավելեց, որ կա նաև տարածքի օտարման մասին որոշումը։

24News-ը կապ հաստատեց նաև Կոտայքի մարզպետարանի մամուլի քարտուղար Նունե Այլանջյանի հետ։ 

«Այս խնդրով մարզպետը մի քանի անգամ դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով կառուցապատողին այլ տարածք տրամադրել ավտոտնակ կառուցելու համար և չեղարկել շինթույլտվությունը, քանի որ առկա է հանրային վեճ։ Քաղաքապետը պատասխան գրությամբ հավաստիացրել է, որ գործն իր տիրույթում է և բանակցություններ են ընթանում, բայց դեռ արձագանք չկա», - նշեց Նունե Այլանջյանը։  

Մամուլի քարտուղարի խոսքով՝ մարզպետարանը նաև դիմել է քաղաքաշինական տեսչություն՝ կառուցապատման օրինական լինելը ստուգելու համար, սակայն դեռ պատասխան չեն ստացել։
Նշենք, որ Աբովյան քաղաքի որոշ բնակիչներ պատրաստվում են նոյեմբերի 8-ին բողոքի ակցիա կազմակերպել՝ ավտոտնակի շինարարությունը դադարեցնելու համար։ 

Նշենք նաև, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ամիսներ առաջ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին վարչական տույժի ենթարկելու որոշում էր կայացրել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օտարելու համար։

«Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»,- նշվում էր մարզպետի որոշման մեջ։

Սոնա Գրիգորյան