Ձորափի գյուղապետի եղբայրը «06»-ով փլուզել է քաղաքացու տան պարիսպն ու դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News 

վթար

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Նոյեմբերի 7-ին 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։ Հաղորդում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։

Արդեն բաժնում ոստիկանները պարզել են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, ովքեր, սգո արարողության են մասնակցելիս եղել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։ Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ  աղբյուրի՝ Գ. Ավետիսյանը եղել է ոչ սթափ, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։