ԱԻ նախարարն ԻԻՀ փոխդեսպանին առաջարկել է ՀՀ-ից փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աին

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: