Դատարանը պարտավորեցրել է փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

եպհ

Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները: Այդ մասին ֆեյսսբուքյան էջում գրառում է արել  ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները (աշխատավարձի մեկ տոկոսը) տարբեր պատճառաբանություններով, բացահայտորեն խոչընդոտելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բնականոն աշխատանքները և սոցիալական բոլոր ծրագրերի իրականացումը:

Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք ռեկտորի ժ/պ-ի այդ ապօրինի գործողությունը՝ պահանջելով պարտավորեցնել ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները օրենքով սահմանված կարգով գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին:

Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք - հայցադիմումը ընդունեց վարույթ և դատարանը, որպես հայցի ապահովում՝ պարտավորեցրեց ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների անդամավճարները գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին մինչև դատարանի կայացրած վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Անդամավճարների գումարները փոխանցելուց հետո ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բոլոր սոցիալական ծրագրերը շարունակվելու են: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է»:

1