«Ես կառավարությունում թշնամի չունեմ»․ Գևորգ Պետրոսյանը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աժ

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ի նշան կառավարությանն ուղղված բողոքի, լքել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը։

Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրգործ հարուցելու դեպքում պաշտոնավարման ժամանակավոր դադար սահմանել նաև մասնավոր սեկտորի աշխատողների համար:

Ըստ պատգամավորի՝ գործող օրենսգրքով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում նախատեսված է հանրային ծառայողների համար՝ պնդելով, որ եթե մասնավոր սեկտորի աշխատակիցը ինչ-որ կեղծիք է թույլ տվել և շարունակի պաշտոնավարել մինչև դատավարության ավարտը, ապա հեշտությամբ կարող է ամեն օր աշխատավայրում գտնվելով՝ վերացնել ապացույց հանդիսացող փաստաթղթերը:

Մինչդեռ նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած որոշումը Պետրոսյանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ պատգամավորների նկատմամբ:

«Որ ասում եմ կառավարությունը դժկամությամբ է տրամադրված, ասում են՝ «դու թշնամանք ես քարոզում», չկա տենց բան, ես կառավարությունում թշնամի չունեմ», - ասել է Պետրոսյանը:

Պատգամավորին չի գոհացրել նախարարության եզրակացության մեջ եղած առաջարկը, ըստ որի՝ փոփոխություն է կատարվում քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում՝ սահմանելով լիազորությունների ժամանակավոր դադարեցում ոչ միայն հանրային ծայողության մեջ գտնվողների, այլև բոլոր կասկածյալների և մեղադրյալների համար: Սա այն նույն առաջարկն է, որ  արվել է ԲՀԿ պագամավորների կողմից:

Գևրոգ Պետրոսյանն անհարգալից է համարում նման վերաբերմունքը՝ պնդելով, որ երբ ինքն արդեն արել է հստակ առաջարկ, որի մասին նախարարությունը դեռ միայն մտադրություններ ունի ու դրա համար առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծին կողմ քվեարկելուց, ոչ այլ ինչ է, քան «պոզ ու պոչ կպցնել» ԲՀԿ առաջարկած նախագծին։

Այսպիսով, Գևորգ Պետրոսյանը ՀՀ կառավարությանն առա­ջարկել է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից՝ դրանով նախատեսված կարգա­վորումները համադրելով շրջանառության մեջ դրված նախագծերի կարգավորումների հետ։

«Սա ի՞նչ վերաբերմուքն է խորհրդարանական պետության պատգամավորների նկատմամբ: Մենք խնդիրը տեսնում ենք, այն իրականում կա: Հիմա կառավարությունն էլ ասում է՝ մենք մտադրություն ունենք, եկեք ձեռնպահ մնացեք քվեարկելուց: Ի նշան դժգոհության, հարգելով բոլորիդ՝ դուրս եմ գալիս քննարկումից: Սա անհարգալից վերաբերմունք է պատգամավորի նկատմամբ: Ոչ մեկ չի կարող ասել, որ խնդիրը չկա, պոզ ու պոչ են դնում», - ասել է Պետրոսյանը և լքել հանձնաժողովի նիստերի դահլիճը: