Խոշոր հրդեհի հետևանքով տունը կորցրած ընտանիքի 5 անդամները հայտնվել են բաց երկնքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Երեկ ՝ նոյեմբերի 7-ին, Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին այրվող տան ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Լրագրողի հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլևս բնակության համար պիտանի չէ:

Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը և տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:

Հարևանները լրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային, բայց, ցավոք, կրակն իր սև գործն արեց: Որպես հայ մարդիկ, որպես հարևաններ, խնդրում ենք բարի մարդկանց օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, ովքեր իրենց տունը դրել էին իրենց հալալ քրտինքով:

Բայց ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Երեկ մնացել են՝ կեսը՝ մեկի տունը, կեսը՝ մյուսի, բայց եթե բարի մարդիկ գտնվեն և ինչով հնարավոր է՝ օգնեն այս ընտանիքին, նրանք նորից իրենց աշխատասիրության շնորհիվ կդզեն իրենց մեջքը»:

Լրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքի անդամները իրենց շնորհակալությունն են հայտնում նաև օպերատիվորեն հրդեհի վայր ժամանած հրշեջներին, ովքեր ժամանել էին 4 մարտական հաշվարկով և ասում էին, որ հենց հրշեջների ու հարևանների շնորհիվ է եղել կրակի տարածման դեմն առնելը, հակառակ դեպքում՝ հարևանների տներն էլ էր կպնելու, մանավանդ, որ տեղանքը բավականին անանցանելի էր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news