Անընդունելի է այն դաստիարակությունը, որ պետք է վեհարան գրավեն, դատարան շրջափակեն․ՀՅԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

«Այս ասուլիսը միայն երեկվա ԿԳՄՍ նախարարի արված հայտարարություններին պատասխան տալու համար չէ, քանի որ երեկ տեղի ունեցածը վերջին մեկուկես տարվա երևույթների արտացոլումն էր»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը:

«Մեզ համար՝ որպես Դաշնակցություն, չափազանց անհանգստացնող է այն քաղաքականությունը, որը վարվում է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում: Մեզ անհանգստացնում է այն ընդգծված քաղաքականությունը, որը մեր հասարակությանը տանում է ապազգայանացման: Սա մենք որակում ենք որպես ծրագրավորված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի ստանալ ապազգային ՀՀ քաղաքացի, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է»,- ասաց նա։

Ըստ բանախոսի՝ դա արժեհամակարգ թելադրելու, մտածված, ծրագրավորված քաղաքականություն է, որը վարվում է մասնավորապես ԿԳՄՍ նախարարի և Կառավարության կողմից: «Քաղաքական ուժ, որը Երևանի ավագանու ընտրություններում՝ 80 տոկոս, իսկ Աժ ընտրություններում՝ 70 տոկոս քվե ստացավ, պետք է կարողանար օգտագործել այդ հոյակապ ռեսուրսը՝ իրականություն դարձնելու խոստումները, որ արվեցին մարդկանց միավորելու համար, բայց առաջին բաժանարար գծողները հենց իշխանությունները դարձան: 70 տոկոս ստացած ուժը չպետք է բաժանարար գծեր անցկացնի»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ եթե Դաշնակցությանը քննադատում են զուտ քննադատելու համար, ապա իրենց քննադատությունը միշտ եղել է պետության համար, և իրենք երբեք բամբասանքների մակարդակի չեն իջել:

«Ինչ վերաբերում է պարոն նախարարի դաստիարակությանը, ով, ի դեպ, մեր երիտասարդներին և ողջ հայաստանյան ՀՅԴ կառույցին անվանեց անդաստիարակ, պետք է ասեմ, որ մեր դաստիարակությունը հետևյալն է՝ Դաշնակցությունը՝ որպես ընտանիք, մեզ դաստիարակել է սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը, սիրել ոչ միայն լեզվով ու խոսքով, այլ՝ սրտով ու գործով: Մեր դաստիարակությունն այն է, որ այսօր նստացույց անող երիտասարդներն ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին իսկ արձագանքողներն են եղել, Թալիշի առաջին գծերում են եղել: Սա է մեր դաստիարակությունը: Մեզ համար անընդունելի է այն դաստիարակությունը, որ պետք է Մայր Աթոռի վեհարանը գրավեն, դատարաններ շրջափակեն»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամը: