Չենք հասկանում՝ նախարարությունը, «Մել» ֆիլմը ֆինանսավորելով, ի՞նչ հասարակություն է ուզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները, որոնց կազմում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն են և ԵՊՀ մի քանի ֆակուլտետի ուսանողներ, ԿԳՄՍ շենքի դիմաց շարունակում են նոյեմբերի 7-ից հայտարարված նստացույցը։ 

«Արայիկը Հարությունյանը խախտել է կարմիր գծերը, որի համար պետք է պատժվի՝ հրաժարական տալով։ Չենք հասկանում՝ նախարարությունը «Մել» ֆիլմը ֆինանասավորելով ի՞նչ մեսիջ է տալիս, ի՞նչ հասարակություն է ուզում», - 24News-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Արգիշտի Գևորգյանը։ 

Վերջինիս խոսքով՝ բողոքի ակցիաները նստացույցերով չեն ավարտվելու, և տարբեր միջոցներ կիրառելու են, քանի դեռ ԿԳՄՍ նախարարը հրաժարական չի տվել։ 

Նշենք, որ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2, 7 միլիոն դրամ, ինչպես նաև նախարարության նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։