Ազատության մշակույթը

Նիկոլ Փաշինյան
«Ոչինչ չի քաջալերում արատն այնպես, ինչպես անտեղի ներողամտությունը»

Շեքսպիր

Այն ժամանակ Հիսուս ասաց նրանց.

- Գնացե'ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի'ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո'ւն տվեք:

Մատթեոս 22:21

Աշխարհում երկու բան կա` իշխանություն և հպատակներ` երրորդը տրված չէ: 

Ամեն իշխանություն Աստծուց է, և քրիստոնեական կենսատարածքներում մշակույթը ժողովրդին իշխանության առջև հնազանդության բերելու նպատակային իմաստ ունի: Ու մարդկության պատմության մեջ երբեք պայքար չի գնացել իշխանություն հասկացողության վերացման համար` կռվել են իշխողների դեմ, կառավարման տեսակի փոփոխման համար: Որովհետև առանց իշխանություն աշխարհը կվերածվի խենթանոցի, ապա քաոսի, քանի որ մարդ տեսակը` անհատապես, թե խմբային, ուժեղ, լուսավոր և հոգատար անկանգառ վերահսկման և առաջնորդման կարիք ունի: 

2018թ. իշխանափոխությունից սկսած, և ավելի հստակ նույն տարվա դեկտեմբերյան պառլամենտական ընտրություններից հետո, Հայաստանում իշխանական կառավարումը ստացավ զգուշավոր և դանդաղկոտ բնույթ, որը փորձում է մնալ «soft power» տերմինի սահմանների մեջ, իսկ ընդդիմադիրի կեցվածքից սկսեցին հանդես գալ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց ոգեշնչման գլխավոր դեմքը վերջին մեկ տարում գրեթե մշտապես կալանքի տակ մնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, և որոնք կիրառում են սև PR - ի տեխնոլոգիաները` մասնավորապես դեզինֆորմացիան և հեգնական լեքսիկոնը, փոքր խմբերի կազմակերպումը: Ընդհանուր առմամբ, քաղաքական վիճակը գնում է մանիպուլյատիվ էլեկտրաֆիկացիայի հոսանքով, երբ նորերը փորձում ռեյտինգ չկորցնել, իսկ հներն անընդհատ ցեխ շպրտել: 

Մոտ օրերի գլխավոր թեման դարձավ կրթության նախարարի հայտարարություններն ու առաջարկները։ Այո՜, գրաքննություն չպիտի լինի, բայց արվեստը ազատ թողնելու հետ մեկտեղ պետությունը մշակութային իր հստակ ռազմավարությունը ունենալու պարտադիր անհրաժեշտություն ունի և հանրությանը միջոցառումների մակարդակից պետք է բերի հոգևոր խորության ու քաղաքակրթական զարգացման: Պետությունը ոչ միայն պետք է վերահսկողական դիրքերից հանդես, գա այլ նաև լինի ուղենիշներ մշակող ու ուղորդող: Նշանավոր գրող Անդրե Մալրոն դը Գոլի պրեզիդենտության օրոք զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը և գոլիզմի, Հինգերորդ հանրապետության գաղափարախոսն էր (չմոռանանք` մշակույթը պիտի բերի բնակչությանը իշխանությանը հնազանդվելուն): Հայագիտական առարկների ուսուցանումը մինչ ուր կարիք կա, որ հասնի՝ մասնագիտական քննարկման նյութ է` կարծում եմ, որ այն դասավանդելը համալսարանական մակարդակում խիստ անհրաժեշտություն չէ, և ֆակուլտետների ղեկավարությանը տալ առարկայի թողնելու կամ չթողնելու հնարավորությունը լավ առաջընթաց է: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը և պատմություն առարկաներին, ապա նրանք կարմիր թելի պես, չկտրվելով ոչ մի տեղ, պետք է տևեն ողջ ուսումնական ընթացքում: Անհրաժեշտություն կա բարձրացնելու դասավանդման որակի խորությունը, քանի որ հոգևոր ինստիտուտը և քաղաքական համակարգը ամենաբարձր և բացառիկ դերն ունեն մարդու կյանքում, և կարիք կա այդ ամենը քո միջով անցկացնելու, որպես ֆունդամենտ պահպանելու: Իհարկե, գրեթե ամեն ինչ քննարկման ենթակա է, որից դուրս կգա ճշմարիտ տարբերակը, բայց մեզ մոտ առկա է ոչ թե դիալոգ, այլ պահից օգտվելու ու առիթավորվելու գեշ սովորությունը, որի այս օրերի գլխավոր դերակատարությունը իրենց վրա վերցրին դաշնակ ջահելները: Իշխանությունը կոպիտ սխալ է թույլ տվել, քաղաքական և իրավական գնահատական չտալով ավանդական կոչված օտարամարմին այս կառույցին, ում գործունեությունը, հատկապես անկախությունից հետո, մեղմ ասած խնդրահարույց է և պետական անդրադարձը՝ պարտադիր: Սա այլ հոդվածի (ոչ միայն հրապարակախոսական) նյութ է: Ազատությունը լոճվում ու ջրիկանում է, երբ նրա տակ հասկացվում է ամենաթողություն: Ազատությանը արժանի են լինում բարձր գիտակցությամբ և արժանապատիվ վարքագծով, պետական մտածելակերպով ու քաղաքացու կեցվածք ունենալով` այն ամենաբարձր գաղափարներից է, որը չպիտի լինի օգտագործման առարկա կամ վերածվի գետնաթավալ փալասի, և մշակույթի դերը այստեղ առավել ակնհայտ է դառնում: Այսօր հասարակությունը պահվում է նորերի և նախկինների բախման կիզակետում, սա ձեռք է տալիս թե առաջիններին, թե վերջիններին` սնուցելով մեկ մեկու, սակայն այն փակ շրջանի տարածքի է վերածվում մաշվելով ու մաշեցնելով իր մեջ ներառված սեգմենտները: Բարոյական բանիմացներից շատերը, ովքեր ողջունել են 2018թ. գարնանային իրադարձությունները, բայց այսօր ունեն քաղաքական հակասություններ, իշխանության նկատմամբ չեն ակտիվանում բավարար չափով փորձելով ջուր չլցնել նախկին իշխանության ջրաղացներին, բայց նրանց դուրս մնալը և սխալ է և անհեռանկար` դա երկար չի տևելու, ու եթե իշխանությունը ավելի վճռական և իմաստավորված չդառնա մթնոլորտը բարելավվելու, օրակարգային դառնալու, ռազմավարական տեսք ստանալու գործում, ապա երրորդ ուժը, որն անկասկած առաջանալու է, բլիցկրիգով կարող է ճեղքել ու վերցնել դաշտը, բայց արդեն պատմության գիրկը և աղբանոցը ուղարկելով համապատասխան նշանակության գործիչներին և խմբերին: Չի կարելի թույլ տա, որ բարոյական իրավունք չունեցողները քննադատեն և պախարակեն կոնկրետ մեկին կամ ում ուզեն: Սա ազատություն չէ, այլ` անպատասխանատվություն: Քաղաքացին առաջին հերթին պետք է խիստ պահանջկոտ լինի ոչ թե իր կամ այլ անձերի ու խմբերի պահանջների մեծացման հարցում, այլ պետական շահի գործում` անզիջում պահանջկոտ և իշխանությունն էլ իր իշխելու իրավունքի մեջ թուլություն չցուցաբերի: Հասկանանք մի բան` լավ պետությունը լինում է լավ մշակույթի դեպքում, և սրա անխափան լինելության մեթոդն է պետք մշակել:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան