ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Անգլիայի կոմսության ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին Անգլիայի Էսսեքս կոմսությունում:
Զոհերից ամենաավագը 44 տարեկան է եղել: 39 զոհերից 8-ը կանայք են եղել, 31-ը՝ տղամարդիկ: Զոհերի թվում 15-17 տարեկան 3 դեռահաս է եղել: Նրանց մեծամասնությունը վիետնամական Նգեան և Հատին նահանգներից են:
39 դիերով բեռնատարը հայտնաբերվել էր հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում: Ենթադրվել է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա էր ուղևորվել Բուլղարիայից: Ըստ հավանականության՝ ներգաղթյալները մահացել են ցրտից: Բեռնատարում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:
Ավելի ուշ GPS-ը ցույց է տվել, որ բեռնատարը գտնվել է Ֆրանսիայի՝ Դյունկերկի և Կալեի փախստականների ճամբարներում, այնուհետև ուղևորվել Բելգիա, իսկ դրանից առաջ բեռնատարի եվրոպական վերջին կանգառը եղել է բելգիական Զեբրյուգեն:
Վիետնամի Նգեան նահանգից ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում 21 անձ է կորել Մեծ Բրիտանիայում: Նահանգի իշխանություններն անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել Էսսեքսի տարածքում բեռնատարում հայտնաբերված զոհերի ճանաչման համար: