Զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունը և քաղաքական դաշտը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

հայտարարություն

2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝ Պահպանողական կուսակցությունը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն են տարածել․ 

«2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:

Միանգամայն անընդունելի են՝

ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,

արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,

ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,

նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,

«իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,

տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:

2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ»։