Արցախում հնի ու նորի՝ Արայիկ Հարությունյանի ու Մասիս Մայիլյանի պայքարն է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Մասիս

Հաջորդ տարի Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ ներիկայացրած գործիչներից այս պահին հիմնական ակտիվությունը ցուցաբերվում է երկուսի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմից։ Ո՞վ է այս թեկնածուներից ֆավորիտը, այս և այլ հարցերի շուրջ 24News-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։                  

-Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ՝ քաղաքական ի՞նչ դրություն է այժմ Արցախում՝ հաջորդ տարի սպասվող նախագահի ընտրություններին ընդառաջ։                                                                   

-Ինչպես գիտեք, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախում հիմա, իհարկե, նոր իրավիճակ է։ Բնական է, որ ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանում այժմ գործող դատական համակարգի շարունակությունն է այնտեղ՝ կադրային առումով։ Արցախում մարգինալ վիճակում գտնվող ինչ-որ խմբեր, որոնք ժամանակին ինչ-որ պաշտոններ են ունեցել, խնդիրներ ստեղծեցին, և այս թոհուբոհը սկսվեց։ Մյուս կողմից էլ հանրությունը ցույց տվեց իր դժգոհությունը, եղան հուզումներ։ Իհարկե, նախկին տարբեր գեներալներ փորձեցին այս իրավիճակում հաստատվել և քաղաքական պլաններ մշակել։ Ի՞նչ ունենք այսօր․ այսօր ունենք մի իրավիճակ, երբ այդ կադրային կազմի մեծ մասը զրկվել է պաշտոնից, և այդ մթնոլորտում արդեն իսկ փորձում են այս կամ այն ձևով՝ հիմնականում հույսը դրած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի վրա, պահպանել իրենց իշխանական դիրքերը։                                                                 

-Իսկ որակային առումով ի՞նչ ընտրություններ եք սպասում։                             

-Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, որոնք շատ էական էին, լակմուս էին և ցույց տվեցին, թե Արցախում ինչ է կատարվում։ Այդ ընտրությունը ցույց տվեց, որ նախկին լծակները, որ գոյություն ունեին, չկային, ուղղակի չգործեցին որևէ տեղ։ Նոր մարդիկ առաջադրվեցին, պայքարեցին։ Որևէ կեղծիքի մասին բողոք չեղավ։ Այդ ընտրությունը վկայեց այն մասին, որ բոլորի միակ հույսը եղել է ընտրողների ձայնը, ուրիշ որևէ հույս չկար։ Նշեմ նաև, որ Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունը, որ Արցախում երաշխավորելու են ազատ, արդար ընտրությունների անցկացումը, շատ կարևոր էր։ Հիմա ես կարծում եմ, որ եթե լուրջ մոտեցում ցուցաբերվի և թույլ չտրվի, որպեսզի այնտեղ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառվի, հին մեխանիզմները գործեն, փորձեն այս կամ այն ձևով կաշառել մարդկանց, բնական է, որ թեկնածուների հույսը կրկին պետք է լինի ընտրողների ձայնը։                                       

-Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս ընտրությունների ֆավորիտը՝ Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Մասիս Մայիլյանը։                                                                    

-Գիտե՞ք ինչ, Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում մի բանաձևի մասին են խոսում, որն իսկապես շատ համոզիչ է։ Ասում են, որ սա հնի ու նորի պայքար է․ այսինքն՝ ամբողջ խնդիրը դա է լինելու․ հինը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, կարո՞ղ է նորից վերականգնել նախկին մթնոլորտը։ Իսկ Մասիս Մայիլյանը նորի կրողն է․ նա անընդհատ եղել է այդ համակարգի բացերից դուրս մարդ։ Մայիլյանը 2007 թվականին մի անգամ արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրությունների և 12 տոկոս ձայն է ստացել։ Այսինքն՝ նա պայքար մղել է ամբողջ համակարգի դեմ և դրա համար շատերի համար ընդունելի թեկնածու է։ Եվ ես կարծում եմ, որ եթե իսկապես լինի ընտրություն, այդ դեպքում հին համակարգի հույսը ո՞րն է։ Նրանց հույսն այն է, որ հին մեխանիզմները պահպանվեն։ Իսկ եթե այդ մեխանիզմները չաշխատեն, հին համակարգը որևէ շանս չունի։ Այս պահին հին համակարգից Արայիկ Հարությունյանն է։

Փորձել են նաև մի երկու գեներալի էլ առաջ բերել՝ որպես թեկնածու։ Մինչև այս տարվա օգոստոս այլ իրավիճակ էր․ հին համակարգի ներկայացուցիչները փորձում էին «հարձակվել» նորի, փոփոխությունների վրա, բայց օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթից հետո հանգստություն մտավ։ Նրանք հասկացան, որ ուժային մեթոդներով չեն կարող գործել։ Հիմա իսկապես երկու հիմնական թեկնածուների մասին կարող ենք խոսել․ նրանք են Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունյանը։ Եվ այստեղ կրկնեմ՝ մնում է նոր մոտեցումների խնդիրը։ Հիմա ամբողջ խնդիրը դա է․ ի՞նչ է նշանակում Հայաստանի իշխանությունների կողմից երաշխիքների ստեղծումը։ Իսկ երաշխիքների ստեղծումը միայն քվեարկության օրը նորմալ քվեարկություն ապահովելը չէ։ Դա շատ քիչ է։ Երաշխիքներ ստեղծելն այն է, որ թույլ չտան՝  անօրինական մեխանիզմներ աշխատեն։ Եթե իսկապես լուրջ վերաբերմունք լինի դրան, ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կանցնեն։                                                          

Մերի Մարտիրոսյան