ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային՝ ուղղված Ռուսաստանի դեսպանին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին: Պատճառը Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցն էր Մոսկվա և ռուս փորձագետների ու ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում ասված է, որ Մասիս Մայիլյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի այցը կրել է բացառապես մասնավոր բնույթ, ինչը չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:

«Ինչ վերաբերում է Մայիլյանի ու Հովհաննիսյանի շփումներին ռուս փորձագետների հետ «Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում», կրկին ընդգծում ենք,․ որ Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններում գրանցված չէ այդպիսի «ներկայացուցչություն»՝ որպես ինքնիշխան պետության դիվանագիտության առաքելություն, քանի որ մեր երկիրը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշված է հաղորդագրությունում:

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ ՌԴ ԱԳՆ-ից ասել են, որ Ադրբեջանի ԱԳՆ նոտայում և մեկնաբանություններում ռուսական կողմին ներկայացվող պահանջներն անհիմն են, իսկ տոնը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին չհամապատասխանող։