Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հորը զրկել են ՌԴ քաղաքացիությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը հայտնել է, որ Դաշնային միգրացիոն ծառայության որոշմամբ ստուգում անցկացնելուց հետո իր հորը զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Նա այս միջադեպի մասին հայտնել է Instagram-ում, փոխանցում է Life-ը: 

Աղջիկը տեղադրել է իր բողոքի պատճենը եւ հայտարարել, որ հոր հետ տեղի ունեցողը «անցնում է գրված եւ չգրված օրենքների բոլոր սահմանները»: Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ նրա հետ ոչ ոք կապ չի հաստատել եւ պատշաճ կերպով չի իրազեկել: Նրա խոսքով՝ իր ընտանիքի համար իրազեկմամբ նամակը միանգամայն անսպասելի էր:

«Մեկ օրում, մեկ պահի մարդուն զրկել են բոլոր փաստաթղթերից… Նա ուղղակի տանից ոչ մի տեղ չի կարող դուրս գալ...»,- գրել է նա:

Մառան իրավիճակը «բեսպրեդել» է անվանել եւ հավելել, որ իր հայրը Ռուսաստանում է ապրել ու աշխատել 30 տարի: Նա նաեւ հիշել է, որ այս տարվա օգոստոսին իր հետ է տեղի ունեցել «բեսպրեդելի համանման դեպք», երբ փորձել է հաշվառվել ավտոդպրոցում իրավունք ստանալու համար: Նրա խոսքով՝ այդ ժամանակ բոլոր տեղեկանքները եւ բժշկական եզրակացություններն անվավեր են համարվել առանց իր իմացության:

«Այս փաստերը գնահատում ենք որպես մեր ընտանիքի հետապնդում»,- նշված է փաստաթղթի տեքստում:

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից 2016 թվականի մայիսին Մոսկվայում սկանդալային ավտոարշավներից հետո: Սակայն նույնիսկ դրանից հետո նրան բազմիցս ձերբակալել են մեքենա վարելիս: