«Մելն ու սեռի փոփոխությունը». ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները պետության ֆինանսավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել «Մել» ֆիլմը, որը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին է։ Պետությունն այս ֆիլմի համար հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ֆիլմում նաև անդրադարձ է լինելու սեռային փոքրամասնություններին, ինչը բազմաթիվ դժգոհությունների առիթ է դարձել հայ հասարակության շրջանում։ 
24News-ը շրջել է Երևանի փողոցներով՝ հասկանալու ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիներն այս թեմայի մասին։

Հարցման արդյունքում պարզվեց, որ որոշ քաղաքացիների կարծիքով պետությունը չպետք է 20 միլիոն դրամ հատկացներ «Մել» ֆիլմի համար, փոխարենը՝ կան շատ հայ հերոսներ և չեմպիոններ, և ավելի լավ կլիներ նրանց մասին ֆիլմեր նկարահանվեին։ Ըստ քաղաքացիների՝ ֆիլմը չի ընդունվի հասարակության կողմից, քանի որ Հայաստանում արմատացած են ազգային ավանդույթները, նաև մարդկանց մտածելակերպն է մեծ դեր խաղում։ 

Հարցմանը մասնակցած մյուս քաղաքացիների կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու այն կյանքով, որով ցանկանում է, ըստ նրանց՝ վաղ, թե ուշ Հայաստանում նույնպես կընդունվեն սեռային փոքրամասնությունները և նրանց կյանքի մասին պատմող ֆիլմերը։ 

Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, կարիերայում ունեցած ձեռքբերումների և անհաջողությունների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը։ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news