Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու. պաշտոնական

ԵՐԵՒԱՆ, 10  ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի 2020 թ-ին նախատեսված Արցախի նախագահական ընտրություններում։ Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը, այս մասին որոշումն ընդունվել է այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ։ 
«Թե՛ այժմ, թե՛ նախկինում մեր բոլոր ծրագրերի հիմքում եղել է մարդը, քաղաքացին: Մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր ու շարունակելու ենք նույն ոգով։ Մարդիկ մեզ վստահել են, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրանց հետ: Այս համագումարը քաղաքական նոր էջ է բացելու կուսակցության համար, քանի որ պատրաստվում ենք համապետական առաջիկա ընտրություններին՝ հանդես գալով նախագահի սեփական թեկնածուով. սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- իր ելույթում ասել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ Արցախի ապագան առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության անհնար է պատկերացնել:
Համագումարի ժամանակ կուսակցության անդամները կողմ քվեարկեցին Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին:

Սևակ Վարդումյան