Մեծ Հայրենականում զոհվել է ոչ թե 83 700 հայ, այլ՝ 200 հազար․ ԱՀ նախկին վարչապետի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

բակո

Մեծ Հայրենականում խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար զոհված հայ մարտիկների ու սպաների մասին ռուսական աղբյուրները խիստ փոքր թիվ են ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կոչով դիմելով ՀՀ ԱԳ նախարարին եւ շահագրգիռ մարմիններին, պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով:

«Շուտով կլրանա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած փառավոր հաղթանակի 75-ամյակը, որին հայ ժողովրդի պատկառելի մասնակցության մասին բոլորս գիտենք: Փաստագիտական աղբյուրների վկայությամբ՝ խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ են զոհվել: Իսկ որոշ աղբյուրների պնդմամբ՝ զոհերի եւ անհետ կորածների թիվը անցնում է 314 հազարը:

Սակայն, որքան էլ ցավալի է, ռուսական աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվը Հայաստանից կազմել է ընդամենը 83 700 (Տես հետեւյալ հղումով http://bit.do/fgMPA): Նույն խնդիրն առկա է նաեւ խորհրդային նախկին այլ պետությունների մասով, որն, ըստ իս, ոչ թե դիտավորյալ աշխատանքի հետեւանք է, այլ համապատասխան մարմինների միջեւ ոչ պատշաճ համագործակցության:

Այս մասին դեռեւս իմ վարչապետության շրջանում ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումներիս ժամանակ տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի արդյունք:

Երեկ մամուլում կարդացի, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւանում ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Առիթն օգտագործելով՝ հրապարակավ ցանկանում եմ դիմել պարոն Մնացականյանին եւ բոլոր շահագրգիռ կառույցներին պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով: Կարծում եմ՝ գոնե 75 տարի անց, հայ ժողովրդի համար խիստ կարեւոր այս ճշմարտությունը վերականգնելով, մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք»,- նշել է Ա. Հարությունյանը: