Հանրային խորհրդից դուրս գալու դիմում եմ ներկայացրել. Բաբկեն Պիպոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

«Հանրային խորհրդի նիստի ընթացքում, երբ նշեցի, որ հաջորդ օրը դիմում կներկայացնեմ ՀԽ-ից դուրս գալու համար, այդպես էլ արել եմ։ Հիմնական պատճառներն այն են, որ հանրային խորհուրդ-գործադիր մարմին կենսունակ կապը կտրված է» - 24News-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ էմոցիոնալ հայտարարություններ պետք չէ անել։ 

«Կառույցին գնահատականներ տալիս՝ պետք է հաշվի առնենք այդ կառույցում աշխատող մարդկանց։ Ես չեմ կիսում Ալեն Սիմոնյանի կարծիքը», - նշեց Բաբկեն Պիպոյանը, և հավելեց․ «եթե քննարկվում է հանրային խորհրդի անհրաժեշտությունը, նշանակում է՝ խորհուրդն օժտված ֆունկցիաներով գործունեություն չի ծավալում»։ 

Տեղեկացնենք, որ Հանրային խորհրդի նիստի ընթացքում Բաբկեն Պիպոյանը իր խոսքում նշել էր․ «Հանրային խորհուրդը պետք է լինի խորհրդակցական մարմին, բայց այն իրեն խորհրդակցական մարմին չի զգում։ Կառավարությունը չի՞ ուզում լսել Հանրային խորհրդի ներկայացրած խորհուրդները, որովհետև կառավարությունը խորհուրդ լսող չի՞, թե՞ իրենից չի ուզում լսել խորհուրդ։ Ինձ համար սա առանցքային հարց է։ Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։ Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից»։