ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից։ Այս մասին Թրամփի խորհրդականը խոսել է ամերիկյան «CBS» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նաև հավելել է, որ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփն է պատրաստվում զգուշացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով նոյեմբերի 13-ին լինելու է Վաշինգտոնում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Եթե Թուրքիան չազատվի S-400-ներից, ապա ամենայն հավանականությամբ CAATSA օրենքին (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․) համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցը կբերվի Կոնգրեսի օրակարգ և ձայների ճնշող մեծամասնությամբ կհաստատվի։

Այդ ժամանակ Թուրքիան կզգա պատժամիջոցների հետևանքները։ Այս ամենի մասին մենք բացահայտ ասել էինք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400 համակարգերի և այլ ռուսական զենքերի համար», - ասել է Օ’բրայանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել դեռ 2017թ․ սեպտեմբերին։ Դրանց առաջին խմբաքանակի մատակարարումը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսին։ Թե պայմանագրի կնքումից առաջ, և թե հետո՝ մինչ օրս, ԱՄՆ պահանջում է Թուրքիայից՝ հրաժարել ռուսական զենքի գնումից ու շահագործումից, Թուրքիան համառորեն հրաժարվում է հաշվի նստել ԱՄՆ-ի կարծիքի հետ։ S-400–ների խնդիրը թուրք–ամերիկյան հարաբերություններում պարբերաբար սրվող լարվածության պատճառ է դարձել։