Ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը․ հերքում են, որ հրմշտոց է եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱԺ-ում «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիճաբանությունից հետո, «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։

Հարցին՝ ո՞րն էր պատճառը, պատգամավորներն իրար հակասող պատասխաններ են տվել։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, ըստ Հակոբ Սիմիդյանի՝ որևէ խնդիր չի եղել, և դահլիճ լքելը Գևորգ Պետրոսյանի հետ կապված չէ։

«Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես բարձր տոնով են խոսել միմյանց հետ: ԱԺ-ի նիստերի ժամանակ ևս բարձր տոնով են խոսում»,- ասել է Սիմիդյանը և հավելել, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել, լուրջ բան չկա:

Լրագրողների դիտարկմանը, թե բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասել է. «Քվեարկությունը վերջացրինք, դուրս եկանք, սենյակում հետևում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»: 

Գևորգ Պետրոսյանի նախագծով առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականների ու սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը։ Հարցը ԱԺ-ն չընդգրկեց նիստերի օրակարգում: