էրդողանն ԱՄՆ այցից հետո մտադիր է հանդիպել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Պուտին Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատրաստվում է  քննարկել Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները չկատարելու հարցը:  

«Մենք կքննարկենք Սիրիայում իրավիճակը, կպատմենք «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերջին փուլի մասին: Կբացատրենք, որ անվտանգության գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունները չեն իրականացվում»,- ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ այցից հետո մտադիր է քննարկել Սիրիայում իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ Էրդողանի դեռ չի կարելի ասել, որ ահաբեկիչներն անվտանգության գոտուց հեռացել են։

«Վերջին ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Ղամիշլիում: Մանբիջում նույնպես մնացել են ահաբեկիչնե, նրանց տեսնում ենք Թել Աբյադում: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չկարողացան նրանց դուրս հանել պայմանավորված ժամանակահատվածում: Մենք դա կքննարկենք Վաշինգտոնում, հետո հնարավորություն կունենանք հանդիպելու Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը: