Միանձնյա չեմ ընդունել, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ․ պատգամավորը՝ միջնորդության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Արսեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Արսեն Բաբայանի ազատ արձակման համար իր և  Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի երաշխավորությանը, ասել է, որ Արսեն Բաբայանին ճանաչել է լրագրող աշխատելու տարիներից, և կարծում է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Սիսակ Գաբրիելյանը նաև նշել է, որ դա նաև քաղաքական թիմի դիրքորոշումն է։

«Դիմել եմ, անձնական երաշխավորություն եմ ներկայացրել և վճարել եմ պահանջվող գումարը՝ կես միլիոն դրամը, իսկ այսօր առավոտյան արդեն ստորագրել եմ համապատասխան երաշխավորությունը, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից եւ իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Երեկ եմ ներկայացրել երաշխավորությունը: Քիչ առաջ տեղեկացա, որ դատախազը այդ միջնորդությունը բավարարել է»,-ասել է պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանը նաև տեղեկացրել է, որ հարցը քննարկել է նաև իրավաբանների հետ։

«Բնականաբար, միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ, և ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդության հետ: Այստեղ որևէ խնդիր չկա։ Իմ խորին համոզմամբ նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում, իսկ Արսեն Բաբայանի դեպքում կիրառվեց, Սիսակ Գաբրելյանը հիշեցրել է, որ եղել է նախադեպ, երբ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:

«Անձամբ չեմ պատրաստվում երբևէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական դիրքորոշումն է»,- ասել է նա։

Հարցին՝ Արսեն Բաբայանը կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանել է. «Ասում եմ, որ ճանաչում եմ Արսեն Բաբայանին, հետևաբար, այդ հարցին չեմ պատասխանի: Թող իրավապահները տան այ՜դ հարցի պատասխանը»: