ԵՊՀ-ն պահանջում է հերքել տեղեկությունը, թե ռեկտորի ԺՊ-ն դեկաններին «ինստրուկտաժ» է արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Գեղամ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել կապված «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկատվության վերաբերյալ, որում նշվում էր, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել և ասել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգա՞ն, թե՞ չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի»։ ԵՊՀ պարզաբանումը՝ ստորև․ 

«Նշված մեջբերումը ոչ միայն ԵՊՀ ռեկտորի ԺՊ պարոն Գ. Գևորգյանի ոճը չէ, այլև դեկանների հետ հանդիպման ժամանակ նման խնդիր ընդհանրապես չի քննարկվել։ Դասադուլի վերաբերյալ քննարկում եղել է նոյեմբերի 6-ին՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, հայ բանասիրության և  պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների և ուսանող ակտիվիստների մասնակցությամբ, ինչից հետո պարոն Գ. Գևորգյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որտեղ որևէ հարց անպատասխան չի մնացել:

Ինչ վերաբերում է դեկանների հետ հանդիպումներին, ռեկտորի ժ. պ. պարոն Գեղամ Գևորգյանն արդեն ասել է վերոնշյալ հարցազրույցում, որ սկսում է դեկանների հետ քննարկումներ՝ ուսման վարձերի և ընդունելության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։ Դեկանների հետ հանդիպումներ եղել են նոյեմբերի 8-ին, 11-ին, ինչպես նաև լինելու են այսօր ու վաղը. յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում է 4-6 դեկան։ Ի դեպ, հանդիպումները լինում են ոչ թե վաղ առավոտյան, ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այլ՝ ժամը 13.00-ին։

Պահանջում ենք, որ «Հրապարակ» օրաթերթը, ինչպես նաև այն ԶԼՄ-ները, որոնք արտատպել են կեղծ տեղեկատվությունը, հրապարակեն հերքում, հակառակ դեպքում ԵՊՀ-ն ստիպված կլինի դա պահանջել դատական կարգով»:

Տեսանյութեր

Live

Լրահոս