Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

«Առանց բովանդակային օրակարգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումն անարդյունավետ կլիներ, չնայած դրան՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիու հետ» - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:

«Մենք երախտապարտ ենք Նազարբաեւին եւ բարձր ենք գնահատում մեր ղազախստանցի գործընկերների, Նազարբաեւի ջանքերը ռուս-ուկրաինական հարաբերությունների հարթման ուղղությամբ: Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը կողմ է հարաբերությունների վերականգնմանը, սակայն դա անհնար է անել առանց Կիեւի կողմից փոխադարձության»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ: «Մենք այժմ կենտրոնացնում ենք բոլոր ջանքերը «նորմանդյան ձեւաչափով» հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է նա: