Լիտվայի արդարադատության նախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին:

Նախարարը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Գործընկերության զարգացման համատեքստում Ռուստամ Բադասյանը կարեւորել է նաեւ Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան եւ ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ:  

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու եւ համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: