Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի քննարկմանը խոսեց երիտասարդների իշխանության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը խոսեց Հայաստանում երիտասարդների իշխանության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթը հեռարձակեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Երբ քննարկման ընթացքում խոսվեց սերունդների փոխհարաբերությունների մասին, ես սկսեցի մտածել մի շատ տիպիկ իրավիճակի մասին մեր երկրում, որովհետև մեր երկրում նույնպես երիտասարդ սերունդը որոշ խնդիրներ ուներ որոշում կայացնելու գործընթացներին մասնակցելու հարցում, ինչից հետո երիտասարդ սերունդը որոշեց մեր երկրում ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վերցնել իշխանությունը, և հիմա մեր կառավարությունում մենք ունենք 27 տարեկան նախարարներ, փոխնախարարներ և այլն: Մեր երկրում այժմ ունենք երևի աշխարհում ամենաերիտասարդ խորհրդարանը, երևի ամենաերիտասարդ կառավարությունն աշխարհում»,- ասաց վարչապետը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: