Էրդողանի գլխավոր խորհրդականը ողջույններ է հղել Ղարաբաղին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

,

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն նոյեմբերի 9-ին մասնակցել է Անկարայում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը կազմակերված «Ադրբեջանի պետական դրոշի օրվան» նվիրված միջոցառմանը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը դարձյալ բարձրաձայնել է արդեն բազմիցս շահարկված «մեկ ազգ, երկու պետություն» եզրույթը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի միշտ Թուրքիայի կողքին է, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի։

Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն էլ, հիշեցնելով ադրբեջանական դրոշի գույների նշանակությունը (կապույտը խորհրդանշում է թուրքականությունը, կարմիրը՝ քաղաքակրթությունը, կանաչը՝ իսլամը), հույս է հայտնել, որ շուտով այն կծածանվի Ղարաբաղում: Հայկական Արցախը Թոփչուն անվանել է «ադրբեջանական հող», իսկ հայերին՝ «զավթիչներ»։

Թուրք պաշտոնյան ողջույն է հղել նաև իր բնորոշմամբ «իրավազրկված ղարաբաղցիներին» և Ղարաբաղին՝ ընդգծելով, որ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հարցը մի օր կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և «Շուշայի երեխաները մի օր կխաղան ու կվազեն Չըլդրի դաշտում»։

Ադբեջանի պետական դրոշին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև այլ քաղաքական գործիչներ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։