Գիտնական բարեկամները․ Թոքմաջյանի տարիներին պոլիտեխնիկը պլացդարմ է դարձել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

«Անցյալ շաբաթ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գործունեության մասին մեր հրապարակումից հետո տարբեր ուղիներով մեզ հետ կապվում են նրա նախկին ուսանողներ, դասախոսներ և ադմինիստրատիվ աշխատողներ, ովքեր տարբեր պատմություններ են ներկայացնում Թոքմաջյանի գործունեությունից: Իհարկե, ոչ բոլորը կարող ենք ներկայացնել, քանզի դրանք պարունակում են հրապարակմանը ոչ ենթակա տեղեկություններ, սակայն մի քանիսի մասին խոսել կարող ենք:

Պարզվում է՝ Թոքմաջյանի կառավարման տարիներին ճարտարապետաշինարարական համալսարանը և Եղիազարովի անվան ջրային ինստիտուտը (որտեղ ըստ որոշ լուրերի Թոքմաջյանն ունի սեփականության իրավունքներ), պլացդարմ է դարձել իր ընտանիքի անդամների՝ որդու, եղբորորդու, կնոջ և մերձավոր մարդկանց՝ հատկապես գիտության ասպարեզ մտնելու համար:

Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, նրա որդին և եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ, բնականաբար ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, օգտվելով նաև անվճար սովորելու իրավունքից: Ի դեպ՝ մեր աղբյուրները պնդում են, որ Թոքմաջյանի կողմից հովանավորություն ստացած, բանակ չգնացած ու ամեն ինչով իրեն պարտական երիտասարդներից շատերը պարբերաբար ներգրավվում էին ուսխորհուրդներում, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում են աշխատել բուհում:

Բնական է, որ բուհի ռեսուրսներից օգտված մի շարք աշխատակիցներ (Թոքմաջյանական նվիրյալներ), ինչպես նաև որոշ երիտասարդներ չէին կարող ծառայություններ չմատուցել նախկին ռեկտորին՝ ընդհուպ մինչև ՏԻՄ ընտրություններում Թոքմաջյանի համար աշխատելը, ինչը հանգեցրեց նրան, որ Թոքմաջյանը ՀՀԿ-ականների օրոք դարձավ Երևանի ավագանու անդամ՝ ցուցակում զբաղեցնելով երրորդ պատվավոր տեղը:

Մենք հետամուտ կլինենք հետագա զարգացումներին ու նախկին ռեկտորի ժամանակ կատարված աշխատանքների բացահայտմանը՝ միաժամանակ ակնկալելով, որ համապատասխան մարմինները վերջապես կանցնեն կոնկրետ ուսումնասիրությունների ու կտան այս ամենի իրավական գնահատականը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: