«Ազգային օրակարգ» կուսակցությունը կոչ է անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարարին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Ազգային օրակարգ

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կոչ է անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին կուսակցությունը խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին մեկ և կես տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք գործողություններ, որոնք փաստացի ուղղված են եղել ազգային արժեհամակարգի և գործող հաստատությունների դեմ, և տարակուսանք, վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հանրության լայն շրջանակներում: Մասնավորապես՝

ա) Միավորվել են գործառութային և բովանդակային իմաստով էապես տարբերվող Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի երեք նախարարությունները՝ մեկ նախարարության կազմում, դրանով վատթարացնելով յուրաքանչյուր առանձին ոլորտի պետական կառավարման կարողությունները:

բ) Կասեցվել է կրթական գերազացության ազգային ծրագիրը, ծրագրի իրականացման համար ստեղծված կազմակերպչական ենթակառուցվածքը կազմաքանդվել է, ծախսված պետական և մասնավոր միջոցները՝ փաստացի փոշիացվել:

գ) Լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, ԿԱԻ-ի կողմից իրականացվող և կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: Մոտ 8000 ուսուցիչ զրկվել է տարակարգ ստանալու և ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորությունից:

դ) Նախաձեռնվել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը, ինչպես նաև բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դարձնելը:

ե) Անհասկանալի հիմնավորմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ազգային արժեքների տեսակետից կասկածելի բովանդակությամբ ծրագրերին՝ մասնավորապես, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանմանը, և «Հուզանք ու զանգ» անվանումով սադրիչ ներկայացման փողոցային բեմականացմանը:

Ելնելով վերոնշյալից՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը: Զորակցելով բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը՝ ԱՕԿ խորհուրդը միաժամանակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հիշյալ ոլորտներում հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից, ձևավորել կրթական և մշակութային քաղաքականություն, որը նպատակամիտված է գործող ազգային հաստատությունների ամրապնդմանը, վերընթաց զարգացմանը, և հանրային համերաշխության վերականգմանը:

Որպես այդ ուղղությամբ առաջին քայլ՝ կոչ ենք անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև դիտարկել արհեստականորեն ձևավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը՝ յուրաքանչյուր ոլորտի պետական կառավարումը վստահելով գիտակ, իրենց ոլորտներում կայացած, և հանրության կողմից հարգանք վայելող գործիչների»: