Ո՞վ էր գողացել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը․ ոստիկանությունը բացահայտել է դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ռւսատմ

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստերի ժամանակ ոստիկանության ղեկավար կազմին հորդորել է, որպեսզի ոստիկանության ծառայողները միշտ պահպանեն շփումը բնակչության հետ, ինչի շնորհիվ կապը էլ ավելի կամրապնդվի ոստիկանություն-հասարակություն ուղղությամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հանձնարարականի արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտել են ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանի ահազանգած դեպքը:

Աղբյուրը նաև նշում է, որ պատգամավորի՝ Արաբկիրի ոստիկանություն ահազանգելուց հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հանձնարարականով քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները սկսել են ոչ միայն կատարել օպերատիվ աշխատանքներ, այլև պատգամավորի նշված վայրում և հարակից տարածքներում բնակիչների հետ զրույցներ ունենալ: Արդյունքում հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանը մի քանի ժամ զրույցներ է ունեցել այդ վայրում աշխատող մարդկանց հետ և շնորհիվ այդ զրույցների՝ հայտնաբերվել է մոտ 13 հազար 800 եվրո արժողությամբ ժամացույցը:

Պարզվել է, որ դեպքի վայրի հարևանությամբ աշխատող 57-ամյա Սուսաննա Խ.-ն , որն աշխատում է բանջարեղենի կրպակում, հիշյալ ժամացույցը գտել է Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկի հարակից՝ Ավետիսյան 70 շենքի մոտ՝ իր կողմից աշխատացվող կրպակի դիմացից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում թալանել էին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին: Վերջինս դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել էր, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանութանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչի չի հայտնել: