Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման բանակցությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Նիկոլ

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպական միության տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«ՀՀ անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Եվ կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծել, այսինքն՝ դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր:

Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել է, որ հույս ունի տնտեսական, կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում փոխել Հայաստանի, ՀՀ քաղաքացու կերպարը և իմիջը և, ընդհանրապես, ՀՀ-ում քաղաքացիների կրթական մակարդակն անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի ՀՀ  որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում որևէ նեգատիվ ազդեցություն չունենա մեր երկրի, ազգի ժողովրդի կերպարի վրա:

«Հայաստանը պետք է հպարտ լինի սփյուռքով, և սփյուռքը պետք է հպարտ լինի Հայաստանով: Սա այն խնդիրն է, որ մենք իրար հետ պիտի լուծենք, և ես համոզված եմ, որ մենք այս խնդիրը իրար հետ անպայման կլուծենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս