ՊԵԿ աշխատակիցները չեն գաղտնալսվել և ազատվել են սեփական դիմումի համաձայն. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել կապված մամուլի հրապարակման հետ, ըստ որի գաղտնալսվել են ՊԵԿ երկու աշխատակիցներ եւ հեռացվել աշխատանքից:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ եւ պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում:

Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետեւ երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները եւս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն  ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից»: