IUnetworks-ի կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը ներդրվելու է Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Տնտեսական

Տաջիկստանի Հանրապետությունում՝ Դուշանբեում ներկայացվել է «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» փորձնական փուլը:

Համակարգը մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը, համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվեն էլեկտրոնային տեսքով:

«Ես շատ հպարտ եմ, որ մեր ընկերությունը մշակել է մի համակարգ, որը պարզեցնելու և արագացնելու է արտահանման-ներմուծման և տարանցիկ գործառնությունների հետ կապված վարչական ընթացակարգերի իրականացումը։ Սա համարում եմ մեր ընկերության հաջողված նախագծերից մեկը, հատկապես, երբ այն օգտագործվելու է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր թիմի մեծ ներուժը և հերթական անգամ շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար», - աել է IUnetworks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Տաջիկստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային կառավարման զարգացման և ազգային տնտեսության թվայնացման ուղղությամբ։

Դուշանբեում «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» փորձնական փուլի ներկայացմանը և ներդրմանը ներկա էին Տաջիկստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական ​​ներկայացուցիչը, Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի առաջին տեղակալ Զավկի Զավկիզոդան, նաև մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր։

Ներկաները նշել են, որ «Արտահանման, ներմուծման և տարանցման  գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» պիլոտային փուլի իրականացումը կնպաստի ազգային տնտեսության զարգացմանը, երկրի արտահանման ներուժի ամրապնդմանը և հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը:

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

Տնտեսական
Տնտեսական