Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է ՔԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Դավիթ Սանասարյանի  կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է։ Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ 
«Քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք նույնպես հետագայում կհարցաքննվեն», - նշեց Նաիրա Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ մամուլի հրապարակումներից։ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած 9-ամյա երեխայի և նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ՝ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային՝ ընկել գետնին»։

Վրաերթի ենթարկված երեխան վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն պատահարի մասին ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ արդեն պարզում է դեպքի հանգամանքները, նշանակում փորձաքննություն՝ համոզվելու վնասվածքը կարող էր առաջանալ նկարագրված պայմաններում, թե ոչ։

Դավիթ Սանասարյանը հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ հայտարարելով, թե անչափահասի մայրն իրենից գումար է պահանջել և այս հայտարարության հիման վրա ևս հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունու ոստիկանությունում՝ Սանասարյանից շորթում կատարելու դեպքի առթիվ։ Այս գործի շրջանակներում ևս Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է։

Սոնա Գրիգորյան