Unibank

Unibank Mobile

Մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5%-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ հունվարի 1-ից թանկանալու է ընդհանուր 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միսը, ձեթը, հացահատիկը, պարարտանյութը: «Հաշվի առնելով պետբյուջեով նախատեսվող գնաճը՝  4 տոկոս ± 1.5 տոկոս, եթե միջին թանկացումը կազմի 8-9 տոկոս, կառավարությունը աղքատության շեմից ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար որոշակի մեղմացում նախատեսո՞ւմ է արդյոք»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարարը նշեց՝ իսկապես ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ունենք անցումային ժամանակահատված: «Մի շարք ապրանքների համար Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: Եվ այդ ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր տարի որոշակի ապրանքատեսակներ սկսում են հարկվել մաքսատուրքի ավելի բարձր դրույքաչափերով մինչև այն ժամանակ: Սակայն դա չի նշանակում, թե 2020-ին բարձրացող մաքսատուրքի դրույքաչափերի ազդեցությունը այդքան է լինելու: Մենք ունենք մանրամասն հաշվարկ, որը վկայում է, որ 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ բարձրացող մաքսատուրքերով ապրանքների ազդեցությունը լինելու է 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված գնաճի ընդհանուր թիրախային ցուցանիշի սահմաններում, և բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն այդ կապակցությամբ չի զգալու:

Նախարարությունն առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակի իր հաշվարկները: Կներկայացվեն թվային տվյալներ, թե Հայաստանում սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն ըստ պաշտոնապես հաստատված տվյալների՝ ԱՎԾ-ի տվյալների:

Տեսանյութեր

Live

Լրահոս