Երեկ ներկայացվեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան, որտեղ խիստ հուզական տոնով փորձեց հիմնավորել, որ ՀՀ հարկատուները պետք է և պարտավոր են վճարել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, Նիդեռլանդներում բնակվող սեռը փոխած մի հայազգի մի մարզիկի մասին ֆիլմի նկարահանման համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա գրել է. «Բավականին հաջողված դերասանական խաղ էր՝ համեմված մարդասիրության և հայրենասիրության կեղծ պաթոսով, հայկական դրոշի նկատմամբ խիստ հարգալից վերաբերմունքով, ուղղակի այս անգամ ճանապարհին մաքսավոր չհանդիպեց, որպեսզի նրանից սարքի քավության նոխազ։

Եթե մարդասիրության և կեղծ հայրենասիրության պաթոսը դնենք մի կողմ, ապա ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում և իր հավատարմության երդումն է տալիս իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին։

Լինելով փորձառու հրապարակային գործիչ և հասարակական գիտակցության պրոֆեսիոնալ մանիպուլյատոր, նա հերթական անգամ փորձեց մոլորեցնել և թակարդը գցել միամիտ և դյուրահավատ ավանդապաշտ մեծամասնությանը՝ պահպանելով իր ազդեցությունը մարգինալ, բայց խիստ մոտիվացված ու կազմակերպված փոքրամասնության վրա։

Սա կեղծ օրակարգ է և ոչ մի աղերս չունի հայկական շահի հետ, և իմ խորին համոզմամբ, նպատակ ուներ խլացել վերջին երեք օրվա ընթացքում նրա կողմից հնչեցված խիստ վտանգավոր հայտարարությունների բացասական արձագանքը։

Պետք է հիասթափեցնեմ իրեն և իր թիկունքում կանգնած մարգինալ փոքրամասնություններին. այս անգամ չստացվեց, պարոնայք հեղափոխականներ։

Հ.Գ. Իսկ եթե Փաշինյանն ու իր թիմակիցներն այդքան մարդասեր են, ապա թող իրենց աշխատավարձերը փոխանցեն այդ ֆիլմի նկարահանման համար և այդ նպատակով հատուկ կարող են իրենց պարգևատրել»։