Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը 25 % ձայն էլ, վախենամ, չստանա․ դերասան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Որպես հայ, որպես Երևանի բնակիչ` չեմ կարող հասկանալ ԿԳՄՍ-ի` այսօրվա քայլերը. ինձ համար անհասկանալի, անընդունելի են»,- ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ երիտասարդների` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը՝ հավելելով․ «Չեմ կարծում` բողոքի ակցիային իրավունք ունեմ միանալ, բայց գաղափարապես ուսանողների կողքին եմ»:

Վիգեն Ստեփանյանի կարծիքով` Հարությունյանի հրաժարականով էական ոչինչ չի փոխվի. նրա փոխարեն կարող է գալ իր նման մեկ այլ անձ․

«Օրինակ` մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը գնաց, եկավ Նազենի Ղարիբյանը: Ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ ԱԺ-ում արված հայտարարությանը, թե ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է, Ստեփանյանն ասաց. «Ես չեմ զարմանում: Եթե մարդն ասում է` ինչ ուզում եք, արեք, միևնույն է` նա է լինելու նախարար, նշանակում է` այդքան էլ չի հարգում ժողովրդի կարծիքը»:

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորում ստացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ու «Մել» ֆիլմի մասին էլ դերասանն ասաց հետևյալը․

«Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են խաղում, և դրա համար մեծ գումար է հատկացվում: Այդ գումարով, թերևս, երկու մանկական ներկայացում իրականացվեր: Ֆիլմ են նկարում ինչ-որ սեռափոխված կնոջ, թե տղամարդու, ծանրորդի մասին: Ես, երբ լսեցի, թե վարչապետն ասաց` պետությունը ֆինանսավորում է միայն չեմպիոնի մասին պատմող հատվածը, չգիտեի` ծիծաղեի, թե չէ»:

Վիգեն Ստեփանյանը լուրջ պատճառներ է տեսնում ժողովրդի հիասթափության համար․

«Եթե հանկարծ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, եթե իշխանությունն առաջ 40 տոկոսից ավելի ձայն էր ստացել, հիմա, վախենամ, 25-30 տոկոս լինի: Մարդիկ արդեն չեն հավատում»: