Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Ժողովրդավարության տրված հնարավորությունը օգտագործելով՝  Հրայր Թովմասյանը գերի է վերցրել  Սահմանադրական դատարանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նա չի թողնում, սահմանափակումներ եւ խնդիրներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք ժողովրդավարական այս սկզբունքներով, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ եւ որոնք հանդիսանում են մեր երկրի համար կարեւոր օգնող պայման, այդ առումով առաջ գնալու խնդիրներ է ստեղծում»,– ասաց նա։

Իսկ թե ինչու հիմա հիշեց Հրայր Թովմասյանին, ում հետ մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը կոնյակ էր խմում ու հայտարարում, որ որեւէ խնդիր չկա, Արմեն Գրիգորյանն ասաց. « ՍԴ–ի մասին առաջին անգամ չէ, ու նոր չէ, որ հիշում ենք, բազմաթիվ անգամ խոսվել է դրա մասին»։

Հարցին՝ արդյո՞ք Հրայր Թովմասյանը օրենքի ուժով չի դարձել ՍԴ նախագահ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. « 2015թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ նույն Հրայր Թովմասյանը հայտարարում էր, որ «մենք սահմանադրական փոփոխություն ենք կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, եւ որեւիցե վերարտադրության խնդիր դրված չէ»։

Բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, եւ այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը։ Իսկ Սերժ Սարգսյանը, դառնալով վարչապետ, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը։

Հրայր Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, եւ այնտեղ կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն, օրինակ դա, սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայության սկզբունքներից մեկն այն է եղել, որ ՍԴ կազմը պետք է առաջադրի  երեքը՝ նախագահը, երեքը՝ կառավարությունը, եւ երեքը՝ Դատական խորհուրդը։ Այսօր այդ սկզբունքը իրականություն չէ, բայց խնդիր կա այն իրականություն դարձնելու»։