Իշխանությունների՝ միակ ազնիվն ու խելացին լինելու համոզմունքը մեծամտության է տանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ցանկացած խորհրդարանում նման միջադեպեր լինում են, բայց հուսով եմ, որ այս տարվա փորձը հաշվի առնելով՝  հետագայում ԱԺ-ն խորհրդարանական մշակույթի ավելի բարձր մակարդակ կցուցաբերի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ-ում նոյեմբերի 12-ին «Իմ քայլ» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: 

«Խորհրդարանականների բացասական վարքագիծը չպետք է հասարակության քննարկման առարկա դառնա, այլ, հակառակը, ԱԺ-ի վարքագիծը պետք է օրինակելի լինի քաղաքացիների համար: Սա բարձրագույն քաղաքական մարմին է, ու այստեղ հնչած ցանկացած խոսք հնարավոր է կրկնօրինակման առիթ լինի հասարակության մյուս անդամների համար: Այդ իսկ պատճառով մեզանից ամեն մեկը չափազանց զգուշավորություն պետք է ցուցաբերի իր խոսքի ու արտաբերած յուրաքանչյուր բառի համար»,- նշեց պատգամավորը: