Facebook-ը ջնջել է 3,2 մլրդ կեղծ գրանցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ամերիկյան Facebook կորպորացիայի աշխատակիցներն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջել են 3,2 մլրդ կեղծ գրանցում: Այս մասին ասվում է Facebook-ի պաշտոնական կայքում չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

«Վերջին երկու եռամսյակի ընթացքում մենք սկսել ենք առավել արդյունավետորեն խոչընդոտել կեղծ օգտահաշիվների հայտնաբերման և ստեղծման գործընթացին: Մեր գնահատականներով` ամեն օր կիրառելով տվյալ հայտնաբերման համակարգը` կանխում ենք կեղծ հաշիվներ ստեղծելու միլիոնավոր փորձեր»,- ասվում է փաստաթղթում:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ից ջնջել են «կպչուն» գովազդներով ավելի քան 4,1 միլիարդ հաղորդագրություն, բռնության մասին 54,5 միլիոն հրապարակում: Բացի այդ, ջնջվել է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը քարոզող 11,1 միլիոն հաղորդագրություն, ինչպես նաև ազգային, էթնիկ և ռասայական ատելություն քարոզող 11,4 միլիոն հրապարակում:

Վերջին տարիներին Facebook-ի ղեկավարությունը մեկ անգամ չէ քննադատվել ԱՄՆ իշխանությունների և ամերիկյան հասարակության կողմից օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու և սոցիալական ցանցով վնասակար տեղեկատվության տարածմանը չհակազդելու համար: