Տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

Նոյեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես  վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունը իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Եվ դատաիրավական բարեփոխումների համապարփակ ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ներդնելու հավակնոտ ծրագիր, որի շրջանակներում մոտակա տարիներին նախատեսվում է թվայնացնել քրեական, վարչական ու քաղաքացիական մինչդատական և դատական ամբողջ գործընթացները։

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով, որ արդարադատության ոլորտում գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։ 

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։