Այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը․ Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Հունաստանի դեմ հանդիպման նախօրեին հրավիրած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց չպետք է կենտրոնանք դրա վրա: Երեք օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ հավաքականը պատրաստ է վաղվա խաղին: Նպատակը մեկն է` քաղել առավելագույնը:

Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին: Ամբողջովին փոխվել է հույների կազմը: Դիտել եմ մրցակցի նախորդ երկու հանդիպումները Իտալիայի և Բոսնիայի դեմ: Կարող եմ ասել, որ շատ կազմակերպված և արդյունավետ ֆուտբոլ են խաղում:

Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թևկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը: Նա շատ փորձառու է և ունի առաջատարի բնավորություն:

Հրավիրե՞լ ենք Հենրիխին հրավիրել ենք հավաքական` թիմի կողքին լինելու համար, սակայն նա մերժել է։ Երբեմն ֆանտաստիկայի ժանրից լուրեր են հայտնվում մամուլում:

Մխիթարյանը վնասվածք ունի, բնական է, որ պետք է վերականգնվի: Երկրպագուները առավելագույնն են սպասո՞ւմ հավաքականից։ Մենք էլ: Պետք է ճիշտ ընկալենք մեր հնարավորությունները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղենք առավելագույնը:  Ցանկանում ենք կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Իմ պայմանագիրը «1+1» ձևաչափով է: Ֆեդերացիայի ղեկավարության կողմից ունեմ լիակատար վստահություն: Իմ ապագան ազգային թիմում կախված չէ առաջիկա երկու խաղերից:

Այսօր մենք ունենք 7 կորուստ: Բոլորն էլ արժեքավոր ֆուտբոլիստներ են: Միևնույն ժամանակ, բոլորն էլ 30 անց խաղացողներ են: Սերնդափոխությունն անհրաժեշտություն է:

Բայց մենք ի՞նչ ունենք այսօր։ Ունենք Էրիկ Վարդանյան, որը դեռ պետք է կայանա: Սերնդափոխության համար պետք են ռեսուրսներ, որն այսօր մենք չունենք: Գևորգ Կասպարովին պատահական չեմ հրավիրել ազգային հավաքական: Շատ լավ եմ ճանաչում նրան: Պետք է այսպիսի վաստակաշատ խաղացողներին հարգենք: Իմ բոլոր որոշումները բխելու են ֆուտբոլի խաղադաշտից։ Աշխատելու ենք մոբիլիզացնել բոլոր ֆուտբոլիստներին: Հավաքական է հրավիրվել նաև Արթուր Սարկիսովը, որը մեծ ցանկություն և ապացուցելու շատ բան ունի: Այսպիսի խաղացողներ պետք են ազգային հավաքականին:

Մեր ամենամեծ կորուստը Հենրիխ Մխիթարյանն է, ով եվրոպական թոփ մակարդակի խաղացող է: Երկրորդ ամենամեծ կորուստը Վարազդատ Հարոյանն է: Եթե ունենայինք Հարոյանի պես երկու կենտրոնական պաշտպան, կարող էինք գործել չորս պաշտպանով»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Ասուլիսին մասնակցեց նաեւ Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնիի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը կլինի հավաքականի ավագն առաջիկա խաղում։

«Գտնվում եմ լավ մարզավիճակում, ինչպես և թիմը: Ունենք կորուստներ, բայց շատ մարտական ենք տրամադրված: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լավ խաղ ցուցադրենք և դրական արդյունք ունենանք: Արթուր Դանիելյանը լավ որակներ ունի: Եթե շարունակի նույն կերպ` իրեն շատ լավ ապագա է սպասվում:

Մարզչական փոփոխությունից հետո հույները ավելի թիմային ֆուտբոլ են խաղում: Նոր ֆուտբոլիստներ ունեն, արագ գրոհներ են կազմակերպում: Պետք է չեզոքացնենք իրենց ուժեղ կողմերը և օգտագործենք մեր ուժեղ կողմերը»,- նշեց Հովհաննես Համբարձումյանը:

Նոյեմբերի 15-ին նախատեսված խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի թիմին։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։