ԵԱՏՄ անդամ երկրները պետք է 25  տարվա զարգացման խնդիրներ դնեն մեր առջև. Տիգրան Սարգսյան 

ԵՐԵՒԱՆ, 14  ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարևորում է վերլուծական կենտրոնների հետ աշխատանքը, ինչպես նաև վստահ է, որ արագ փոփոխվող աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ծրագրերի մշակում։ Ինչպես հայտնում են ԵՏՀ մամլո ծառայությունից, այս մասին այսօր՝ Մոսկվայում,  ՌԴ Հանրային պալատում կայացած «ԵԱՏՄ. փորձ, խնդիրներ, զարգացման և անվտանգության առաջնահերթություններ» Եվրասիական առաջին վերլուծական համաժողովի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարսգյան

«Անհրաժեշտ է ծրագրել մեր ռազմավարական հորիզոնն առնվազն  25 տարի դեպի ապագա։ Սա, իհարկե, դժվար խնդիր է, եթե հաշվի առնենք, որ աշխարհն ավելի է դժվարանում, ծագում են դիմակայության նոր ձևեր, նոր փոխհարաբերություններ, բոլոր գործընթացներն արագանում են։ Դրա հետ մեկտեղ, վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրները մեր վերազգային մարմնի առջև (ԵՏՀ) 25 տարվա ռազմավարական խնդիրներ պետք է դնեն, որպեսզի միության անդամ երկրների ազգային ռազմավարությունները համապատասխանեն տնտեսական միության ծրագրերի հետ», - ասել է նա։ 

Սարգսյանի խոսքերով, անհրաժեշտ է որոշումների ընդունման նոր մշակույթ ներդնել և քննարկել կարևորագույն հարցերը ԵԱՏՄ վերլուծական ու գիտական կենտրոնների հետ։ 

«Ցավոք, այսօրվա կառավարչական համակարգում գիտական և վերլուծական կենտրոնները շատ թույլ են ներգրավված որոշումների ընդունման մեխանիզմների մեջ։ Մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք նոր մշակույթ ներդնել, որպեսզի առանց գիտական և վերլուծական կենտրոնների հետ խորհրդակցության հնարավոր չլինի ընդունել ռազմավարական որոշումներ։ Նրանք պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում», - ասել է ԵՏՀ ղեկավարը։ 

Իր հերթին Եվրասիական վերլուծական-տեղեկատվական համակարգի ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շեշտել է, որ Սարգսյանն ամեն ինչ արել է այս կառույցը կայացնելու համար։ 

Տիգրան Սարգսյան Բորդյոժա

Միջոցառման վերջում ԵՏՀ ղեկավարը պարգևատրվել է «Միջազգային վերլուծական ծառայությունների համար» պատվո նշանով։