«Ադեկվադ»-ը պահանջում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներողություն խնդրել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

«Ադեկվադ» միաբանությունը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ տարածած հայտարարությանն առ այն, որ միաբանության անդամներն այցելել են Գյումրու գիշերօթիկ հաստատություններ և փորձել են նկարահանումներ անել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հիշատակել է «Ադեկվադ» միաբանության անվանումը:

Տվյալ հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել մեր համբավն ու վարկաբեկել մեր գործունեությունը:

Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ: Փոխարենը նախարարությունը նախընտրեց համալրել Նիկոլ Փաշինյանի կլյաուզա ու մատնագիր գրող միավորների ցանկը: Եթե այս նախարարությունն այլ հարցերում նույն կերպ է աշխատում, ինչ և այս դեպքում՝ իր պաշտոնական հարթակից նման փնթի ապատեղեկատվություն տարածելով, կարելի է եզրակացնել,թե ինչ աղետալի վիճակում է գտնվում սոցիալական ապահովության ոլորտը:

Մենք այս դրվագը դիտարկում ենք նույն համատեքստում, ինչ և նախորդ բոլոր զրպարտանք պարունակող դրվագները, որոնցով մեզ փորձում էին ներկայացնել սևազգեստ ահաբեկիչներ, բանդա, մարդկանց փողոցում սպառնացող միավորներ և այլն: Ինչպես բոլոր այս թվարկված դրվագներում, այնպես էլ հիմա, իշխանությունը ձախողելու է:

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարում է, որ միաբանության կողմից որևէ մեկը չի այցելել Գյումրի, տվյալ քաղաքացին չի հանդիսանում միաբանության անդամ և չի գործում մեր անունից:

«Ադեկվադ» միաբանությունը պահանջում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 24 ժամվա ընթացքում հրապարակային հերքումով հանդես գալ և ներողություն խնդրել «Ադեկվադ» միաբանությունից՝ նման փնթի կերպով մեզ անվանարկելու համար:

Մի ստիպեք մեզ կիրառել ձեր դեմ նույն գործիքակազմը, քանի որ անգամ այդ հարցում մենք շատ ավելի արդյունավետ կլինենք, քան դուք»:

Տեսանյութեր

Live

Լրահոս