Կարին գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան ներսը վերածվել է փլատակների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պայթյունի հետևանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։

Աղբյուրը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի ահագին հատված պատերից պոկվել է։, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է, դռները, պահարանները, մահճակալները ևս շպրտվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։