Քաղաքական մեծամասնությունը խոստումներ է տալիս, որոնք չի իրականացնում․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Գորգիսյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ քաղաքական մեծամասնությունը տված խոստումները չի իրականացնում։

Գորգիսյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցներին, ասել է, թե քննադատել է քաղաքական մեծամասնությանը, որ խոստումներ են տալի ու չեն կատարում կամ կատարում են հակառակ տրամագծով։

ԼՀ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ կան ծրագրեր, որոնց 2020 թվականի բյուջեով ֆինանսավորում չի տրամադրվել։ Մասնավորապես միջոցներ չեն ուղղվել  հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստմանն ու արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպանն ուղղված ծրագրերին։

«Այս ծրագրերը գրեթե 100 տոկոսով կատարվել են, իսկ 2020 թվականի բյուջեով դրանց համար ունենք 0 դրամ։  Սա այն պարագայում, երբ մեր հարևանները՝ և՛ արեևելյան, և՛ արևմտյան, շարունակում են մեր մշակութային արժեքները յուրացնել՝ սկսած լավաշից ու տոլմայից, վերջացրած դուդուկով, քամանչայով, պարերով: Մենք կրճատում ենք հայոց լեզվի դասավանդումը, որը ֆինանսավորվում էր ու փաստորեն ուներ պահանջարկ, որովհետև բյուջեի կատարողականով մոտ 80 տոկոսից ավելի գումար է ծախսվել դրա վրա։ Մենք ուղղակի որոշել ենք, որ դա պետք չի», - նշել է Գորգիսյանը:

Պատգամավորը կոչ է արել վերանայել կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները: