Ամերիկյան սենատորը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա վետո դրած ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով։

Այս մասին գրում է ermenihaber-ը: Սենատորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու դեպքում կողմ կքվեարկի Սենատի 100 անդամից առնվազն 95-ը: «Reuters» գործակալությունն էլ, հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրին, գրել է, որ սենատորներն Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, սակայն Անկարան չպետք է ակնկալի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք մնալ:

Գրահամը լրագրողներին պատմել է նաև օվալաձև սենյակում Էրդողանի ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար Մազլում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ: Ըստ Գրահամի՝ ինքն Էրդողանին ասել է, որ կարող է մի տեսանյութ էլ ինքը ցուցադրել, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչ են անում քրդերի դեմ: