Լևոն Հայրապետյանն Արցախի հերոս է, պետական բարձր գնահատականը չի ուշանա.Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Արայիկ

Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը կարծում է՝ բարերար, Արցախի Վանք գյուղում ծնված Լևոն Հայրապետյանը պետք է արժանանա Արցախի հերոսի պետական բարձր կոչման: Այդ մասին նա գրառում է արել  Ստեփանակերտում տեղադրված Լևոն Հայրապետյանի հուշարձանի մասին պատմող ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով:

Լևոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումն իր ժողովրդին, հող ու ջրին, իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաև բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների: 

Լևոն Հայրապետյանը Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա:

Խոնարհումս ՄԵԾ ՀԱՅԻ պայծառ հիշատակին», - նշել է Ա. Հարությունյանը: